ՈՖԿ Հայեցակարգ

ՈՖԿ Հայեցակարգ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

20-րդ դարի 60-ական թվականներին կյանքի բոլոր ոլորտների զարգացման ընթացքի արագացմանը և հասարակական հարաբերությունների էական փոխակերպումներին զուգընթաց կրթական ոլորտ ներթափանցեց «ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունը:
Ոչ ֆորմալ կրթության հիմնական նպատակը կրթական ոլորտում համարժեք պատասխան գտնելն է դարի այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են հասարակական և քաղաքացիական մասնակցության անկումը, ինֆորմացիոն հասարակության պահանջները, միջազգային ինտեգրացիոն, համընդհանրացման գործընթացների ակտիվացումը և տնտեսության համակարգային փոխակերպումների ու գոյություն ունեցող ֆորմալ կրթական համակարգի միջև աստիճանաբար խորացող անջրպետը:
Որպես կրթության յուրահատուկ ձև` ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին /պայմաններին/ համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ:
Համաձայն ոչ ֆորմալ կրթության մեջ ընդունված սկզբունքների` դրանք կարող են ձեռք բերվել կամավոր հիմունքներով, տարաբնույթ կրթական միջոցառումների տեսքով, որոնք տեղի են ունենում ֆորմալ կրթական համակարգից դուրս: Հատկանշական է, որ ոչ ֆորմալ կրթության իրականացման մեջ էական դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, որոնք առավելապես ներգրավված են համայնքային և երիտասարդության հետ կատարվող կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում:
Առաջին անգամ ոչ ֆորմալ կրթության ճանաչման հարցը եվրոպական մի շարք երկրներում բարձրացվել է 80-ական թվականներին, երբ այն հասարակության մեջ արդեն իսկ նվաճել էր իր ուրույն դերը և տեղը` ընդունվելով որպես կրթության անբաժանելի տարր: Եվրոպական մի շարք երկրներ ընդունել են ոչ ֆորմալ կրթության հայեցակարգեր և ռազմավարական ծրագրեր:
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվում են կրթության համակարգի շարունակական բարեփոխումներ: Ընդունվել են կրթության ոլորտը կարգավորող օրենքներ («Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներ), հայեցակարգեր ու ռազմավարություններ (ՀՀ Կառավարության 06.05.2004 թ. N 17 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», ՀՀ Կառավարության 29.12.2005 թ. N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Մեծահասակների կրթության հայեցակարգը և ռազմավարությունը»), որոնք չեն անդրադարձել ոչ ֆորմալ կրթությանը:
Հայաստանում ոչ ֆորմալ կրթության տարածումը սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներից և այսօր, 15-ամյա փորձառությունից հետո, այն հասել է զարգացման այնպիսի փուլի, երբ անհրաժեշտություն է դարձել ընդունել համապատասխան հայեցակարգ:

Հայեցակարգում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.        Ոչ ֆորմալ կրթություն (նոն ֆորմալ էդուքեյշն)` կրթություն, որը բնութագրվում է սույն հայեցակարգի 16-րդ կետում նշված հատկանիշներով. նպատակը` զարգացնել անձի քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական և մշակութային մասնակցությունը հանրային կյանքում, նրա կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը և գիտելիքները, որոնք ձեռք են բերվում ֆորմալ կրթության համակարգից դուրս կամ դրան համընթաց:
2.        Ֆորմալ կրթություն (ֆորմալ էդուքեյշն)` կրթություն, որն իրականացվում է կազմակերպված  ակադեմիական կրթական համակարգում պետության կողմից հաստատված հատուկ ծրագրերի միջոցով և ներառում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական մասնագիտական, ինչպես նաև մասնագետների վերաորակավորման և որակավորման բարձրացմանն ուղղված կրթությունը:
3.        Կենսափորձով ձեռք բերված կրթություն (ինֆորմալ էդուքեյշն)` բնական կրթական գործընթաց, որից անհատը ողջ կյանքի ընթացքում առօրյա շփումների միջոցով ձեռք է բերում բազմաբնույթ արժեքներ, ունակություններ, հմտություններ և գիտելիքներ: Այս գործընթացի տարրեր  կարող են դիտվել, օրինակ` ընտանիքի անդամների, ընկերների, միջավայրի հետ հաղորդակցությունը, զանգվածային լրատվության միջոցները, գրականությունը, համացանցը և տեղեկատվական այլ աղբյուրները:
4.        Ուսուցանում/դասընթաց (թրեյնինգ)` ոչ ֆորմալ կրթական գործընթացի կազմակերպման հիմնական ձևերից է, որը ի  տարբերություն կենսափորձով ձեռք բերվող կրթությանը, բնութագրվում է հստակ պլանավորմամբ, համապատասխան խմբի կարիքների բավարարման համար անհրաժեշտ ճկունությամբ և իրազեկ վարողի կամ ուսուցանողի առկայությամբ:
5.        Ուսուցանող (թրեյներ)` ոչ ֆորմալ կրթական գործընթացի մշակման և իրականացման հիմնական դերակատար: Կախված կրթական գործընթացում իր ներդրման աստիճանից` կարող է հանդես գալ կամ որպես բուն «ուսուցանող» (առավելագույն հնարավոր ներդրում), կամ որպես «վարող» (ուսուցանման մասնակիցներին գրեթե համահավասար ներդրում):
6.        Մասնակից` ոչ ֆորմալ կրթական գործընթացի մասնակից հանդիսացող անձ: Կրթական գործընթացում ունեցած իր դերակատարմամբ «մասնակիցը» էապես տարբերվում է ֆորմալ կրթական գործընթացում ներգրավված «աշակերտներից» և «ուսանողներից»` բովանդակային առումով կատարելով ուսուցանողին գրեթե հավասար ներդրում:
7.        Գնահատում` ոչ ֆորմալ կրթական համակարգի արդյունավետության աստիճանի որոշման գործընթաց, որը չի ենթադրում ուսուցանման արդյունքում մասնակիցների կողմից ձեռք բերված գիտելիքների և հմտությունների աստիճանի որոշում քննության, թեստավորման միջոցով, այլ առավելապես հիմնված է մասնակցի ինքնագնահատման և մասնակիցների կողմից ուսուցանման գործընթացի արդյունավետության գնահատման  վրա: Գնահատումը կատարվում է ուսուցանողի կողմից ընտրված գնահատման մեթոդների կիրառմամբ:
8.        Ճանաչում (րեկոգնիշն)` ոչ ֆորմալ կրթության գործընթացին մասնակցության արդյունքում ձեռք բերված կարողությունների, հմտությունների և գիտելիքների արժևորումն է պետական և մասնավոր սեկտորների, հասարակական կազմակերպությունների կողմից:

Հայեցակարգի նպատակները
Սույն հայեցակարգի նպատակներն են`
9.        սահմանել «ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունը, սուբյեկտները և ոչ ֆորմալ կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները,
10.     սահմանել  Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության համակարգի զարգացման առաջնայնությունները,
11.     հիմք ստեղծել ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցների կողմից ձեռք բերված հմտությունների, կարողությունների և գիտելիքների որակի ապահովման մեխանիզմների ստեղծման համար,
12.     հիմք ստեղծել պետական և մասնավոր սեկտորների, հասարակական կազմակերպությունների կողմից ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցների ձեռք բերած հմտությունների, կարողությունների և գիտելիքների ճանաչումն ապահովող մեխանիզմների ստեղծման համար:

Ոչ ֆորմալ կրթության սուբյեկտները
13.     Ոչ ֆորմալ կրթության սուբյեկտներն են`
1)    Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,
2)    Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի պետական և ոչ պետական մասնագիտացված հաստատությունները,
3)    ոչ ֆորմալ կրթության ծրագրեր առաջարկող մասնագիտացված կառույցները,
4)    ոչ ֆորմալ կրթության մասնագետները (ուսուցանողները),
5)    Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված և գործող հասարակական կազմակերպությունները և միավորումները,
6)    Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ոչ ֆորմալ կրթության ծրագրերի մասնակիցներ են,
7)    Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված և գործող շահագրգիռ այլ կազմակերպությունները, միջազգային կառույցները:


Ոչ ֆորմալ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և խնդիրները
14.     Ոչ ֆորմալ կրթության բնագավառում պետական քաղաքականության       սկզբունքներն են`
1)    ոչ ֆորմալ կրթություն տրամադրող կառույցների մասնակցությունը ոչ ֆորմալ կրթության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը և որոշումների կայացմանը,
2)    ոչ ֆորմալ կրթության բնագավառում մատչելիության, մրցակցության  և հրապարակայնության  ապահովումը,
3)    ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի փոխլրացման սկզբունքների ընդունումը (ոչ ֆորմալ կրթական համակարգը չի հավակնում փոխարինել ֆորմալ կրթական համակարգին),
15.     Ոչ ֆորմալ կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`
1)    ոչ ֆորմալ կրթության որակի ապահովման մեխանիզմների մշակումը (ոչ ֆորմալ կրթություն տրամադրող կառույցների, ոչ ֆորմալ կրթության մասնագետների և ուսուցանման/դասընթացի որակ),
2)    ոչ ֆորմալ կրթության համակարգի վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումը,
3)    ոչ ֆորմալ կրթության բնագավառում նորարարական մոտեցումների և մեթոդների օգտագործման խրախուսումը և խթանումը,
4)    ոչ ֆորմալ կրթության բնագավառում մասնակիցների միջազգային շարժունակությանը նպաստելը,
5)    ֆորմալ կրթության հաստատություններում ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմանը նպաստելը:
Ոչ ֆորմալ կրթության հատկանիշները
16.     Ոչ ֆորմալ կրթությունը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով.
1)    Ուսուցողական գործընթացի ծրագրումը`
Ծրագիրը կազմվում է ուսուցանողների կողմից` ելնելով դասընթացի նպատակներից և խնդիրներից: Սակայն այն դիտարկվում է որպես նախնական առաջարկ և ենթակա է փոփոխության` հաշվի առնելով մասնակիցների ցանկությունները, հետաքրքրությունները և ակնկա֊լիքները:
2)    Մասնակցության բնույթը`
Մասնակցությունը կամավոր է: Մասնակիցները իրենք են որոշում, թե գործընթացի որ մասին են ցանկանում մասնակցել:
3)    Ուսուցանվող գիտելիքների և հմտությունների բնույթը`
Ուսուցանման գործընթացում հավասար ուշադրություն է դարձվում մասնակիցների մտավոր, զգայական, ֆիզիկական ոլորտներին (այսպես կոչված` «համակողմանի» մոտեցում): Ուսուցանման գործընթացն իրականացվում է հատկապես մասնակիցների մոտեցումների, վարվելակերպի մոդելների, արժեքային համակարգի, կարծրատիպերի հետ:
4)    Գիտելիքի ստացման/փոխանցման ձևը`
Գիտելիքն ու հմտությունները ձեռք են բերվում ուսուցման գործընթացին ուղղակի մասնակցելու արդյունքում: Գործընթացն իրականացվում է համապատասխան գիտելիքին և  հմտությանը լիարժեք տիրապետող անհատի` ուսուցանողի կողմից: Ի տարբերություն հիերարխիկ «վերևից ներքև» մոդելի` այս դեպքում գիտելիքը հիմնականում ստացվում է «հորիզոնական» եղանակով (հավասարը` հավասարին մեթոդով):
5)    Ուսուցանման արդյունավետության գնահատում`
Մասնակիցների կողմից իրականացվող ինքնագնահատումն է (մասնակիցն ի՞նչ ստացավ տվյալ կրթական գործընթացին մասնակցելու արդյունքում) և գործընթացի արդյունավետության գնահատումը (ուսուցանման կազմակերպման որակը և համապատասխանությունը մասնակցի սպասումներին): Քննություն, թեստ գաղափարները չեն կիրառվում: Չեն կիրառվում մրցակցային խրախուսման մեթոդները, խրախուսվում են փոխօգնությունը և թիմային ոգին: Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին տրվում են միանման «մասնակցության հավաստագրեր»:

Հասանելիության և մատչելիության ապահովում
17.     Խթանել ֆորմալ կրթական համակարգում ներգրավված անձանց մասնակցությունը ոչ ֆորմալ կրթության միջոցառումներին տեղական և միջազգային մակարդակներում:
18.     Խթանել աշխատող անձանց մասնակցությունը իրենց մասնագիտական և  անհատական զարգացում ապահովող ոչ ֆորմալ կրթական ձեռնարկումներին  (գործուղումներ, արձակուրդներ):
19.     Ապահովել սակավ հնարավորություններ ունեցող խմբերի ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթության միջոցառումներին/ձեռնարկումներին (հաշմանդամներ, մարզերի և գյուղական համայնքների երիտասարդներ, սոցիալապես անապահով երիտասարդներ և խոցելի խմբեր):
20.     Խթանել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների օգտագործումը ոչ ֆորմալ կրթության համակարգում:

Միջազգային համագործակցության խթանում ոչ ֆորմալ կրթության բնագավառում
21.     Ոչ ֆորմալ կրթության բնագավառում միջազգային համագործակցության խթանումը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով.
1)    ոչ ֆորմալ կրթության բնագավառի մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացում, փորձի փոխանակման բազմաբնույթ միջոցառումների իրականացում /մասնագիտական խորհրդաժողովներ, սեմինարներ և այլն/,
2)    ոչ ֆորմալ կրթության միջազգային միջոցառումների կազմակերպում և աջակցություն այդ ոլորտում հասարակական նախաձեռնություններին,
3)    Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության բնագավառում կուտակված փորձի ներկայացում միջազգային հանրությանը, ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրում և տարածում:


Հիմնական միջոցառումներ
22.     Առաջնորդվելով սույն հայեցակարգով` ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից` հասարակական կազմակերպությունների հետ համատեղ (նրանց համաձայնությամբ), ոչ ֆորմալ կրթության համակարգի զարգացմանն ուղղված գործողությունների 2008-2013 թվականների ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ Կառավարության հաստատմանը մինչև 2007 թվականի չորրորդ եռամսյակի վերջը:
1)    Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխությունների նախատեսում` կրթության տվյալ տեսակի կիրառման հետ առնչվող խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:

2)    Հասարակության իրազեկության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում` ոչ ֆորմալ կրթության համակարգի զարգացման, մատչելիության բարձրացման և տարածման համար: